Բաց նամակ ուղղված իշխանավորներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո վարչապետ.

Թույլ տվեք արձանագրել։

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմինների կողմից «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» հիմնադրամի վերակազմակերպման առաջարկը կրթահամալիրի հիմնադիր ՀՀ կառավարությանը ներկայացվել է 2020թ. հունիսի 10-ին։ Դրանից հետո եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի № 02/11.7/30104-2020 գրությունը, որով նա ՀՀ ԿԳՄՍ նախարարին վարչապետի հանձնարարությամբ՝ խնդրում է 5-օրյա ժամկետում քննարկել և կարծիք տալ հարցի մասին։ Ինչո՞ւ առաջադրանքը չի կատարվել։ Մենք առ այսօր չենք տեսել որևէ գրավոր կարծիք, առարկություն, անհամաձայնություն, առաջարկը խմբագրելու, լրացնելու մասին հարցադրում։ Չենք ստացել նաև մեր դիմումին ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանը։
  2. Կրթական բաց համայնքը (աշխատողները, սովորողների օրինական ներկայացուցիչները, շրջանավարտները) հետևել է մեր առաջարկի ընթացքին, զարգացումներին։ Վստահ, որ մեր առաջարկի քննարկումը, լուծումը կլինեն նույնքան թափանցիկ, իրավական, ինչպես առաջարկն է եղել, կրթահամալիրի մարմինները 2020թ. հունիսի 17-ին ներկայացրել են հիմնավորված պահանջ՝ մասնակցելու քննարկումներին, արագացնելու հարցի իրավական լուծումը։ 2020թ. հունիսի 30-ին ԿԳՄՍՆ իրավաբանական վարչությունից ստացել ենք առաջարկի, կրթահամալիր հիմնադրամի կանոնադրության վերաբերյալ սկզբունքորեն ընդունելի դիտարկումներ, որոնց անմիջապես պատասխանել ենք։ Գրավոր որևէ այլ արձագանք չունենք։
  3. Անարձագանք է մնացել կրթահամալիրի աշխատողների ժողովի՝ հունիսի 30-ի պաշտոնական նամակը, որով իր կողմից լրացուցիչ հիմնավորումներ է բերել կրթահամալիր հիմնադրամի վերաբերյալ, պահանջել, որ հեղինակային կրթական ծրագրի հեղինակները ներգրավված լինեն ՀՀ կառավարությունում, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում իրենց առաջարկի քննարկումներին, որտեղ կարող են առաջարկի հիմնավորումները լրացնել, պարզաբանումներ անել, հարցեր տալ։ Ավելին՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հրաժարվել է հուլիսի 13-17-ի համար պայմանավորված, հետո հուլիսի 23 տեղափոխված իր նախատեսած այցից։
  4. Կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը, աշխատողների ժողովը, սեբաստացի բաց համայնքը ստիպված եղան լրացուցիչ իրավական հիմնավորումներով հիշեցնել մեր առաջարկի մասին 2020թ. օգոստոսի 4-ին՝ ՀՀ վարչապետի ուղղված թ. 20-08-228 գրությամբ՝ որպես ՀՀ օրենքով որոշված մեր՝ կազմակերպության իրավունքը։ Մենք հրավիրել էինք վարչապետին, իր ներկայացուցչին՝ մասնակցելու կրթական բաց համայնքի օգոստոսի 11-ի առցանց հավաքին, որի թեման հենց մեր առաջարկի ընթացքն էր։ Մեր հրավերը մնաց անպատասխան։
  5. ՀՀ վարչապետին ուղղված օգոստոսի 4-ի մեր նամակին կրկին հետևեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի՝ օգոստոսի 7-ի՝ այս անգամ № 02/11.7/37808-2020գրությունը, որով նա ՀՀ ԿԳՄՍ նախարարին վարչապետի հանձնարարությամբ խնդրում է 5-օրյա ժամկետում քննարկել և կարծիք տալ հարցի մասին։ Հանձնարարության 5-օրյա ժամկետն սպառվել է։

Ի՞նչ է սա, եթե ոչ պաշտոնեական անգործություն, որի պատճառով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով որոշված՝ իրավական-կազմակերպական ձև ընտրելու, «իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ» ստանձնելու համար վերակազմակերպվելու մեր իրավունքը չի ապահովվել։

«Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ը «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» հիմնադրամի վերակազմակերպման որոշումը կայացրած մարմինները՝ կրթահամալիրի կառավարման խորհուրդը, տնօրենը, աշխատողների ժողովը, կրթական բաց համայնքը 2020թ. օգոստոսի 18-ին, ժամը 16։00, հրավիրում են առցանց ժողով՝ ստեղծված իրավիճակում մեր գործողությունները որոշելու համար։ ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպվելու մեր իրավունքը պատրաստ ենք նաև դատական կարգով լուծելու։

Հարգանքով՝ կրթահամալիրի փոխտնօրեններ Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան

կրթահամալիրի փոխտնօրեններ Գևորգ Հակոբյան, Սուսան Մարկոսյան

Մասնագիտական նախագծային խմբով առցանց սեմինար պարապմունք. Оր չորրորդ

90958034_527859251493006_7887363261899735040_nԱյսօր մասնագիտական նախագծային խմբով առցանց սեմինար- պարապմունքի չորրորդ օրն էր: Պարապմունքի ընթացքում քննարկեցինք առցանց-հեռավար ուսուցման մարտի 30-ապրիլի 14-ի մեր մոտավոր անելիքները, վերջնական  ի մի բերեցինք զատկական ֆլեշմոբի փաթեթը և համատեղ զատկական տեսադաս պատրաստելու խնդիրները, խոսեցինք երաժիշտների բլոգների ակտիվության և լրացուցիչ կրթության պարապմունքների անընդհատականության մասին: Այսօրվա դրությամբ չունենք հիվանդ ուսուցիչներ, բոլորիս տրամադրությունը բարձր է և անհամբեր սպասում ենք,  թե երբ ենք հանդիպելու իրար ֆիզիկական միջավայրում:

Շնորհակալ եմ հեքիաթս վերադարձնելու համար…..

IMG_20170627_193254_770

Երգարվեստը դա մի անծայրածիր աշխարհ է, որի մի փոքրիկ մասնիկն անգամ կազմելը մեծագույն հաճույք է: Այն խլում է շատ ժամանակ, պահանջում է նվիրում, պարտադրում պատասխանատվություն, բայց միևնույն ժամանակ այն քեզ տեղափոխում է մի աշխարհ, որտեղ մտքիդ թռիչքը անսպառ է, փոխանցում է բազում դրական լիցքեր և աննկարագրելի էմոցիաներ:

Ես այն երջանիկներից եմ, որ այդ արվեստի մի մասնիկն եմ կազմում դեռ վաղ մանկությունից, ընդամենը 7 տարեկանից: Թեև այդ ժամանակ ես ունակ չէի հասկանալ, թե ինչ աշխարհ եմ մուտք գործում, բայց այն իմ մանկությունը դարձրեց պայծառ, գունեղ, հեքիաթային:

«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախումբ, այսպես էր կոչվում այն հեքիաթը, որտեղ ես պատիվ ունեցա ապրել շուրջ 18 տարի: Այստեղ մենք ապրում էինք, մենք  զգում էինք, ստեղծագործում: Մենք վայելում էինք ամեն օրն ու ամեն ժամը: Այստեղ մենք սովորում, ինքնահաստատվում, ինքանդրսևորվում և կայանում էինք:  Ունենում էինք հաղթանակներ-պարտություններ, հաջողություններ-անհաջողություններ, ձեռքբերումներ և անկումներ: Սա կյանքի դպրոց էր, որտեղ հաջողություններն ու ձեռքբերումները ոգեշնչում, ոգևորում և պարտավորեցնում էին, իսկ պարտություններն ու անկումները ավելի ուժեղ էին դարձնում և առաջ մղվելու անհագ ցանկություն առաջացնում:

Հագեցած և բուռն առօրյա, շրջագայություններ աշխարհով մեկ, միջազգային մրցույթներ, փառատոներ, ամենատարբեր ելույթներ այնպիսի բեմերում և այնպիսի աշխարահռչակ երաժիշների հետ, որոնց մասին կարելի էր միայն երազել:

Թեև արդեն տարիքս չէր ներում, որ շարունակեմ գործունեությունս երգչախմբում և թվում էր ամեն ինչ ավարտվում է, սակայն գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ մաեստրո Տիգրան Հեքեքյանի կողմից ստացա առաջարկ մնալ երգել երգչախմբում և աշխատել, որպես մաեստրոյի օգնական: Առաջարկը մեծագույն պատիվ էր, գնահատված լինելը՝ անչափ հաճելի:

Հեքիաթային մանկությունից, ոտք դրեցի հոգևոր աշխարհ: Անահիտ Պապայանը, ով իմ մանկության տարիների ավագ ընկերն էր, հրավիրեց երգելու իր երգչախմբում՝ «Գեղարդ» երգեցիկ խմբում: Պրոֆեսիոնալ, այս երգչախումբը՝ բաղկացած ընդամենը 8 հոգուց, ամեն կիրակի երգում էր Գեղարդավանքում:  Երջանկություն էր, լինել այդ փոքրիկ, մաքուր, խաղաղ ու ջերմ միջավայրում: Այն կարծես հոգեթերապիա լիներ թե՛ քեզ համար, թե՛ այն մարդկանց, ովքեր լսում էին քո հոգևոր երգեցողությունը: Դա կարծես մաքրում էր  ներաշխարհդ ու դու ամեն անգամ, զգում էիր քեզ ինչպես նոր ծնված ժամանակ՝ մաքուր, հանգիստ, խաղաղ սրտով:

Երիտասարդ աղջիկը, ով ունեցել էր լուսավոր մանկություն, պայծառ դեռահասույթուն, ստիպված եղավ մտնել կյանքի նոր փուլ, որտեղ գույները նախկինի պես բազմազան չէին, ամեն ինչ գորշ էր… Դժվարությունները, կյանքի դաժանությունները ստիպում էին մտածել. «հեքիաթն ավարտված է»…….Միշտ ժպտացող տեսակը դադարում էր անկեղծ ժպտալ, նրա ժպիտի ետևում թաքնված էր, թախիծ, կսկիծ, հարցեր…. Հարցեր, որոնք չունեին պատասխաններ….

Բայց կյանքում ամեն բան ունի իր սկիզբն ու ավարտը… Երբ քո առջև փակվում մեկ կամ երկու կամ ավելի դռներ, միևնույն է բացվում է մեկը, որի բացվելուն պես դու մոռանում ես մնացյալ բոլոր փակ դռների մասին:Երբ դու հնարավորություն ես ստանում սկսել նոր կյանք՝ նոր սպասումներով, նոր ակնկալիքներով, նոր հրաշքի կատարման մեծ հույսով:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երաժիշտ է պետք… Սա հենց այն դուռն էր, որն ինձ համար այդ պահին փրկություն էր, այն  կրկին ինձ կտեղափոխեր իմ հեքիաթ՝ երաժշտության աշխարհ, որտեղ ինձ տաք է, այն իմ տարերքն է:

2016թ. սեպտեմբերի 22…Սիրտս արագ էր բաբախում, հուզմունքս աննկարագրելի էր, էմոցիաներս՝ խառը, սպասումներս՝ շատ: Մոտեցա կրթահամալիրի Արևելյան դպրոց՝  աշխատանքի ընդունվելու… Յուրաքանչյուր նոր միջավայրում քեզ դիմավորում են բարեկիրթ, բայց սառը վերաբերմունքով:  Այստեղ ամեն ինչ արի ու տես այլ էր…. Այնքան ջերմություն, հոգատարություն և անկեղծություն ինձ փոխանցեցին, որ ինքս ինձ ասացի — «փաստորեն, հրաշքներ կյանքում դեռ լինում են»:

Աստիճանաբար ծանոթացա կրթահամալիրի կարգերին ու բարքերին… Իմացա, որ ուսուցչական երգչախումբ էլ կա, մեծագույն հետաքրքրությամբ գնացի առաջին փորձին…  Մաեստրո Հարություն Թոփիկյան… փորձը սկսվեց Խորհուրդ խորհին շարականով…Աստված իմ… ինչ սիրուն էին երգում, ինչ պրոֆեսիոնալ էին երգում… իրենցից շատերը նույնիսկ չունեն 7-ամյա երաժշտական կրթություն: Ամեն մեկը ունի փոքրիկ,լուսավոր, մաքուր, պարզ ձայն ու այդ բոլորը մեկտեղելով Մաեստրոն այնպիսի բացարձակ մաքուր հնչողություն է ստանում, որ երանի մեզ լսողներին… Սիրեցի, այն դարձավ իմ երգչախումբը… իմ լուսավոր կենտրոնը, որտեղ կարելի է մեկ ու կես ժամ անընդմեջ երգել և չհոգնել, գերագույն հաճույքն ու մաքրությունն ապահովված է:

Այսօր այն իմ առօրյան է, իմ կյանքը: Այստեղ ես ինձ լիարժեք եմ զգում, այստեղ կտրվում եմ կենցաղային խնդիրներից: Այն ինձ հաղորդում է բազում դրական էմոցիաներ, այն ինձ  ուժ և լավատեսություն է  հաղորդում՝ ստեղծագործելու, ապրելու և արարելու անհագ ցանկություն:

Շնորհակալ եմ, որպես մասնագետ, որպես մարդ  ինձ այս մեծ ընտանիքում տեղ տալու համար….

Շնորհակալ եմ հեքիաթս վերադարձնելու համար…..

 

 

Սուրբ Ծնունդ

Սուրբ Ծնունդը իմ ամենասիրելի տոնն է:

Այս տարի հնարավորություն ունեցա, այն տոնելու կրթահամալիրիս հետ:

Այնքան ընտանեկան ու ջերմ մթնոլորտ էր տիրում: Երանի՜ բոլոր հաստատություններում և ընտանիքներում, այն լինի այդչափ տաք ու լուսավոր:

Աստծուց նվեր եմ ստացել քեզ իմ կրթահամալիր:20170105_20210620170105_20123420170105_195434

Լուսավոր` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, որտեղ կարելի է վերանալ և կտրվել իրականությունից:

14680629_1281911058540437_8592207224160763331_nԱռհասարակ յուրաքանչյուր հաստատությունում աշխատանքի առաջարկով մոտենալու դեպքում քեզ հետ հաղորդակցվում են հնարավորինս բարեկիրթ, բայց խորթ վերաբերմունքով:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի արևելյան դպրոցում ամենևին ուրիշ էր վերաբերմունքը: Մտնելով դպրոց` արժանացա ջերմ ընդունելության, բարեկիրթ վերաբերմունքի և լուսավոր ժպիտների:

Փա~ռք Տիրոջը… հնարավորություն տրվեց ինձ` անցնելու որոշակի ստաժիրովկա:

Աշխատանքի անցնելու թույլտվության դեպքում` որին դեռ պետք է արժանանալ, որովհետև կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատող` թե ուսուցչական և թե վարչական, պետք է օժտված լինի յուրահատուկ մտածելակերպով, մտքերով և մտահաղացումներով:

Հնարավորություն ստանալու դեպքում` պետք է փոխարինեմ  երաժշտության ուսուցչուհի Տաթև Ստեփանյանին:

Գուցե այս անուն ազգանունը ձեզ մոտ ոչ մի էմոցիա չառաջացրեց…իսկ ինձ հարցրե՞ք… Ինչպես դպրոցն է եզակի, այնպես էլ ուսուցիչներն են եզակի:

Երաժիշտ, Աստվածային ձայնով գեղեցկուհի, հրաշալի և լուսավոր մարդ:

Ասեմ ավելին, նա ոչ թե ազատվում է աշխատանքից, այլ պետք է հերթական անգամ լույս աշխարհ բերի իր նման լուսավոր հրեշտակի:

Անշուշտ, Տաթևին փոխարինելը այդքան էլ հեշտ չի լինելու ինձ համար, սակայն ես իմ նոր երաժշտական աշխարհով և ճաշակով կփորձեմ մուտք գործել այս հեքիաթային դպրոցը նորովի: