
Շվի
Շվին սրինգների կամ ֆլեյտայի ընտանիքին պատկանող գործիք է։Համարվում է լաբիալ (շրթնային)ձայնարտաբերման գործիք, քանի որ ձայնարտաբերման համար գործիքի լաբիումը անմիջապես շփվում է բերանի հետ։
Շվի որպես հայկական ազգային նվագարան
Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից)։ Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։
Շվիի համար հայ կոմպոզիտորներից Խաչատուր Ավետիսյանը գրել է կոնցերտներ

Բլուլ
Բլուլը հայկական, փողային գործիք է։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց ֆլեյտայի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած: Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից: Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա: Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն: Բլուլը հատկապես տարածված է Հայաստանում: Հայկական, փողային այս գործիքը հիմնականում նվագում են հովիվները։

Դուդուկ
Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում: Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ):
Դուդուկը պատրաստվում է ծիրանի փայտից։ Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։
Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։ Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։ Նվագարանն ունի թավշյա, փափուկ տեմբր և տեխնիկական լայն հնարավորություններ, ինչը թույլ է տալիս կատարել տարաբնույթ բարդ, ծավալուն ստեղծագործություններ, մուղամներ, պարեղանակներ, երգային ժանրի նմուշներ: Դուդուկն այսօր մեծ հետաքրքրություն է առաջացրել աշխարհի մասնագետ երաժիշտների և կոմպոզիտորների շրջանում՝ դուդուկի հայ վարպետների կատարողական բարձր վարպետության շնորհիվ:
Զուռնա

Զուռնա, փողային երաժշտական գործիք։ Հայաստանում լայնորեն տարածված հնագույն նվագարան է: Սասունցիների շրջանում նվագարանն ունի փող անվանումը: Իրենից ներկայացնում է փայտե փող, որը ծայրում ավելի լայն է։ Ուղիղ, աստիճանաբար լայնացող փողը մի կողմից ունի ութ, հակառակ կողմից՝ մեկ ձայնանցք: Վերևի մասում հագցվում է ձայնի օղակաձև կարգավորիչը, որը ներառում է ձայնավերարտադրման վերադիր սարքավորումը՝ մետաղե կամ այլ նյութից շրջանակը, որի կենտրոնում գտնվող բարակ գլանի վրա տեղադրված է փչելու երկլեզվակ հարմարանքը՝ պիպիչը: Պատրաստվում է հիմնականում ծիրանենու, թթենու կամ ընկուզենու փայտից, իսկ պիպիչը՝ եղեգից:
Զուռնայի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը, տարածված է նաև Միջին Ասիայում, Մերձավոր Արևելքում, Իրանում, Թուրքիայում:
Իր զիլ ու սուր, ճչացող ձայնով փոքր-ինչ մոտ է պարկապզուկին, բայց ավելի «ծակող» երանգով՝ այն, ինչով առանձնանում է մյուս բոլոր փողային նվագարաններից: Զուռնան օգտագործվում է բացօթյա վայրերում, ժողովրդական տոնակատարություններում, հարսանիքներում ու այլ արարողություններում: Անսամբլային նվագարան է, ավանդաբար ստեղծվել են զուռնաչիների «դաստաներ»՝ 2 զուռնա (մենակատար ու դամ պահող) և դհոլ: Կենցաղավարում են մեծ, միջին և փոքր չափի զուռնաներ: Սովորականից ավելի թավ ձայնով զուռնայի տեսակը կոչվում է բոռոզա: Կան վարպետ կատարողներ, ովքեր նվագում են երկու զուռնայով միաժամանակ՝ մեկով հնչեցնելով մեղեդին, իսկ մյուսով՝ դամը: Երկացանկը բազմազան է, հարուստ է ամենատարբեր՝ մեծ ու փոքր ծավալով ստեղծագործություններով՝ սահարիից մինչև պարեղանակ:

Պկու, եղեգնից շինված նվագարան, նման է հայկական երաժշտական գործիք շվիին։ Ըստ որոշ աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել 5-րդ դարում։ Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա ծվանի (mundschtuk)փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։ Այժմ, պկուն ունի 4 տարատեսակ, որոնք մեկը մյուսի հնչերանգային շարունակությունն են կազմում։ Պկուի ձայնածավալը մեծ է, մեծ օկտավայի մի-ից մինչև երկրորդ օկտավայի սոլ-ը։

Պարկապզուկ, ժողովրդական փողային լեզվակավոր նվագարան։ Շատ նվագարաններ, ստեղծված լինելով որևէ երկրում, չեն մնում տվյալ երկրի ժողովրդի սեփականությունը: Ժողովուրդները շփվելով միմյանց հետ, մեկը մյուսին են փոխանցում մշակութային տարբեր արժեքներ, այդ թվում՝ նաև նվագարանները, և նրանցից ամեն մեկն իր հերթին նպաստում է այդ նվագարանի զարգացմանն ու կատարելագործմանը: Այդպիսի նվագարան է նաև պարկապզուկը, որը տարբեր ժողովուրդների մոտ ունի փողերի տարբեր քանակ, տարբեր հնչողություն, հնչյունաշար և հնչյունածավալ: Տարբեր են նաև անվանումները: Հայերենում այս նվագարանն ունի մի քանի անվանում՝ պարկապզուկ, պկու, պարկապկու, տիկ, տկճոր:
Պարկապզուկը կազմված է այծի, հորթի կամ ոչխարի կաշվից պատրաստված պարկից, որը ժողովուրդն անվանում է տիկ, օդ մղելու փողակից և եղեգնյա պարզ կամ կրկնակի լեզվակավոր մի քանի նվագափողերից (Հայաստանում կոչվում է պկու կամ պզուկ, գործածվում Է նաև առանց օդամուղ պարկի, փչում են բերանով), որոնցից մեկը կամ երկուսը ձայնանցքերով են ու ծառայում են մայր եղանակը կատարելու, մեկ-երկուսը (կամ ավելին)՝ առանց ձայնանցքերի, բասային են՝ դամը պահելու համար և նվագակցում են բուն մեղեդուն։ Տիկը ծառայում է որպես օդի շտեմարան: Հանած տիկի ետևի ոտքերի տեղում առաջացած անցքերը կապում են, վզի մասը՝ խցանում, իսկ առջևի ոտքերի տեղում ամրացնում են զույգ փողերը, որոնցից մեկով տիկը հնչեցնելու համար օդ են մղում և կուտակում, իսկ մյուսով՝ նվագում: Փողերը պատրաստում են եղեգնից կամ ծիրանենու, տանձենու, խնձորենու փայտից: Պարկապզուկը տեխնիկապես հարուստ նվագարան է և հնարավորություն է տալիս կատարելու թե՛ բարդ ստեղծագործություններ, թե՛ պարզ պարեղանակներ: Հայաստանում տարածված է զույգ ձայնափողով, յուրաքանչյուրը՝ հնգական ձայնանցքով պարկապզուկները: Հայկական պարկապզուկի վերակառուցումը Երևանում, 1970-ական թթ. կատարել է դիրիժոր, երգահան, «Տկզարի» գեղարվեստական ղեկավար Կառլեն Միրզոյան։

Դափ, դահիրա, հարվածային երաժշտական գործիք։ Կազմված է փայտյա կլոր, ոչ լայն շրջանակից՝ մի կողմը պատած կաշվե թաղանթով։ Իր բազմազան ձևերով ու անուններով կիրառվել և կիրառվում է թե՛ Արևելքի, թե՛ Արևմուտքի ժողովուրդների մոտ։ Փայտե շրջանակի ներսի կողմից կախված են լինում մետաղյա օղեր, բոժոժներ, արծաթյա դրամներ, ձայնահան այլ պարագաներ։ Նվագում են` ձեռքերի ափերով, մատներով զարկելով թաղանթին, նաև թափահարելով։ Հայերի, ինչպես և կովկասյան մյուս ժողովուրդների մոտ դափերն անսամբլային գործիքներ են։

Դհոլ, հայկական հարվածային ազգային երաժշտական գործիք։ Այն պատկանում է երկկողմանի թմբուկների դասին։ Այս գործիքը տարածված է նաև տարբեր ազգերի մոտ և օգտագործվում է երաժշտական համույթներում։ Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմնից կամ շրջանակից, որի վրա ձգված է կաշվե կամ պլաստիկե մեմբրան։ Մեմբրանի ձգվածության աստիճանով կարգավորվում է ձայնի բարձրությունը։ Դհոլի մարմինը պատրաստվում է փայտից, մետաղից (պողպատ,լատուն և այլն), ակրիլային պլաստիկից, իսկ գլանաձև մարմնի երկու կողմերից ձգվում է այծի կամ հորթի մշակված կաշին։
Դհոլ նվագելու համար պահանջվում են երկու փայտե ձողիկներ (հաստ՝ կոպալ և բարակ՝ ճիպոտ, որոնք պատրաստված են բամբուկից կամ եղեգից։ Ձայնը հնչում է երկու փայտե ձողիկներով կամ մատների ծայրով և ձեռքերի ափերով հարվածելով ձգված կաշվին։ Դհոլը նվագակցում է գրեթե բոլոր երաժշտական գործիքների հետ։ Հիմնականում դհոլի հետ նվագում են զուռնա, դուդուկ և այլ փողային գործիքներ