Ազգային-բակային խաղեր, խաղերգեր Արևելքում

Խաղը երեխայի կյանքում գրավում է ամենակարևոր տեղը: Երեխայի հետ խաղի միջոցով հնարավոր է հաղթահարել ամենաբարդ ստեղծագործական, կարգապահական, հոգեբանական խնդիրները: Ազգային խաղերը, խաղերգերը շատ արդյունավետ են երեխայի զարգացման համար: Հիմնվելով թե՛ տեքստի, թե՛ խաղային շարժումների վրա, այն հնարավորություն է տալիս երեխային, արագ և հեշտ յուրացնել ուսուցանվող նյութը: Մանկական ազգային, ծիսական, խաղերը, խաղերգերը այսօր շատ պահանջարկ ունեցող նյութերից են, որոնց միջոցով հաղթահարվում են շատ բարդույթներ: Խաղանք, երգենք միասին…

Խաղերի, Խաղերգերի ստուգատես Արևելքում

«Ձմեռային ազգագրական փառատոն 2021»

Օր՝ հունվարի 20

Ժամը՝ 11:00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի բոլոր ջոկատներ

Երգացանկ՝ Հինգ էծ, Կոտ ու կես, Խնոցի, Եկեք ծեծենք, Գունդ անեմ, Տատիկ զլուլ և այլն

Առաջարկվող խաղերի տարբերակները տես՝ Հայրենագետիկ-բնագետիկի բլոգում:

Նախագիծ. Զատկական խաղեր, ձվախաղեր և ասիկներն ընտանիքում — 5(6) տարեկաններ և նախակրթարան

barov-ekar-a՜y-zatik-du-mi-hat-es-a՜y-zatik-9746

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, չկոտրված ձու պետք է ունենա: Խաղացողներից մեկը ձուն պահում է ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իսկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Որից հետո «կռվեցնում» են ձվի բութ քթերը:

Ձվարշավ — Ձուգլդորիկ

Խաղը խաղում են կոտրված ձվերով՝ թեք տեղանքում: Ձվերը միաժամանակ և նույն տեղից գլորելու նպատակով կարելի է վերցնել մոտ մեկ մետր երկարության  փայտ, որը որպես պատնեշ դրվում ե թեք տեղանքի վերևում: Մասնակիցները իրենց ձվերը կողք-կողքի շարում են փայտ-պատնեշի ետևում: Փայտը հեռացնելուն պես ձվերը բարձունքից վար են գլորվում՝ թողնելով ձվարշավի տպավորություն:

Ձուպտտոցի

Խաղացողները հրահանգով պտտում են ձվերը: Ում ձուն երկար պտտվեց, այդ ձուն համարվում է հաղթողը:

Ձութաքցնոցի

Որևէ մեկը պետք է թաքցնի զատկական ձվերը խոտերի մեջ, մյուս մասնակիցները պետք է փորձեն գտնեն թաքցրած ձվերը։ Ով կգտնի, նա՝ կհաղթի։

Տեսադաս ՝ ձվախաղերի մասին

 

Ասիկներ

  1. Կարմիր արև քեզ, ախպեր,
    Աստծու բարև քեզ, ախպեր:

2. Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

3. Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:

4. Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

5. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
6. Զատիկն առանց ձվի չի լինի:
7. Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
8. Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

9. Տիկին-տիկին, տիկնակոթ,
Տիկինը գնաց բանջարի,
Բանջար չկար, խոտ կար,
Խոտի տակին ծիտ կար:
Ծտի տակին ձու կար,
Քեռիս փայտը կտրատեց,
Քեռակինս ձուն խաշեց,
Մ ոտեցա մինը վերցնեմ,
Շերեփը գլխիս քաշեց:

《Բարեկենդանի ծեսի》ազգային խաղերը

Բարեկենդանի ժամանակ շատ էին կազմակերպվում խաղեր։ Տոնի անբաժան մասնիկները կազմում ազգային խաղերը։Այսօր մեր մեծիկները խաղացին 《Աքլորակռիվ》,《Գոմշակռիվ》և 《Ճոպան》։

«Հունվարիկ». ազգային խաղերի ստուգատես, ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատեսն էր։  Այս անգամ  այն ազգային խաղերի ստուգատես էր։ Տեսե՛ք, թե ինչպես են ներկայանում Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները։

«Հունվարիկ». ազգային խաղերի ստուգատես

Օրը՝ 23.01.2020

Ժամը՝  11։00֊12։00

Վայր՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասասենյակ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի  5֊6 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան

Խորհրդատուներ՝ Մարինե Մկրտչյան , Մարինե Ոսկանյան

Նպատակը՝

  • ծանոթացում ազգային խաղերին
  • ազգային  խաղերի ուսուցում
  • խմբով խաղալու հմտությունների զարգացում
  • մրցելու-հաղթելու կարողությունների զարգացում
  • ազգային ինքնության պահպանում, տարածում

 

Խաղերը՝ «Մուկն ու կատու», «Պուտ-պուտ», «Ընկուզախաղեր»

Պուտպուտ

Խաղացողները շրջանաձև պպզում են:  Յուրաքանչյուրի գլխավերևում  կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ,  նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ

_Ի՞նչ ուտենք:

_Չիր ու չամիչ:

_Որտեղի՞ց ուտենք:

_Գողանանք` ուտենք:

-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:

Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:

Մուկկատու

Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

Արդյունքում սովորողը

  • կիմանա  ազգային խաղերը,
  • կկարողանա խաղալ և մասնակից դարձնել իրեն շրջապատողներին
  • կլինի ազգային  մշակույթը կրող, փոխանցող:

Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով։