Ազգագրական փառատոն: Ընկուզախաղեր քոլեջի սովորողների հետ

«Պարապմունք — համերգ» ,   «Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ, ամանորյա խաղեր»  նախագծերով՝ Սուրբ Ծննդյան ծիսական Տնայց, ամանորյա ընկուզախաղեր կրտսեր դպրոցում

Մասնակիցներ՝  Քոլեջի, Արևելյան դպրոցի երրորդ դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝ Մարինե Մկրտչյան, Սեդա Վիրաբյան

Ժամանակացույց՝  հունվար, (օրը և ժամը կլրացվի)

Վայրը՝  Արևելյան դպրոց

Ծրագրում՝

Ընթացքը

Չարխափանի պատրաստում.  մասնակիցներից յուրաքանչյուրը մեկական ընկույզ է բերում, որը ցույց տված եղանակով բաժանվում է երկու մասի, միջից հանում են միջուկը, իսկ կեղևներից չարխափանի համար պատրաստում թելից կախված ընկույզ:

Մասնակիցները նախօրոք սովորում են Սուրբ Ծննդյան «Ավետիս»-ներ: Քոլեջի սովորողները Արևելյան դպրոցի սովորողներին ուսուցանում են «Ավետիս»-ի իրենց տարբերակը, իսկ Արևելյան դպրոցի սովորողները՝ իրենց երաժշտության դաստիարակի հետ Քոլեջի ուսանողներին ուսուցանում են  իրենց տարբերակը: Ապա կատարվում է «տնայց»՝ Արևելյան դպրոցի  ուսումնական ազգագրական ճամբարի որևէ խումբ: Խումբը պատրաստված է՝ ունի հյուրասիրություն: Ավետիս երգողները ձեռքերին ունեն չարխափաններ, զանգակներ, շրխկացող, ծլնգացող իրեր, գործիքներ: Ավետիսի կատարումն ուղեկցվում է ծլնգոցով, զրնգոցով:

Տնայցից հետո խաղում են ընկուզախաղեր.

ա.  միասին
բ.  առանձին՝ իրենց խմբում

Ընկուզախաղերի համար հարկավոր է ունենալ ընկույզներ, ինչպես նաև՝ թելից կախված ընկույզներ:

Բարեկենդանի երգեր

Պսակ-պսակ

Պսակ—պսակ, տիկնի պսակ,3․
Փեսան եկավ լիքը քսակ.—
Տիրնա՜—նինե՜,
Տիրնա՜—նինե՜,
Զուռնի ձենը գեղով մին է։

Բոյը չինար, մեջքին քամար,
Աչքերը ծով, ունքը կամար,
Տիրնա՜—նինե՜,
Տիրնա՜—նինե՜,
էս մեր փեսան շատ անգին է։

Աս տարի

ԱՍ ՏԱՐԻ
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք` էշը ինչը կերեր է,
Էշը խոտը կերեր է,
Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,
Գալը էշը կերեր է:
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք` արջը ինչը կերեր է,
Արջը գալը կերեր է,
Էրթանք նեյինք` գալը ինչը կերեր է,
Գալը գառը կերեր է:
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Էրթանք նեյինք` կատուն ինչը կերեր է,
Կատուն մուկը կերեր է,
Էրթանք նեյինք` մուկը ինչը կերեր է,
Մուկը ցորենը կերեր է:
Կատուն մուկը,
Մուկը, ղուշը,
Ղուշը ցորենը կերեր է,
Ղուշը ցորենը կերեր է:
Աս տարի-տարի, գալ տարի-տարի,
Աս տարի-տարի, գալ տարի-բարի։

Գնացեք տեսեք

Գնացեք տեսեք ՝ ով է կերել թուփը:

Գնացին տեսան ՝ այծն է կերել թուփը:

Այծն ու թուփը,

Թուփն ու այծը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել այծը:

Գնացին տեսան ՝ գայլն է կերել այծը:

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք ՝ ով է կերել գայլը:

Գնացին տեսան ՝ արջն է կերել գայլը:

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել արջը:

Գնացին տեսան՝ թուրն է կերել արջը:

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել թուրը:

Գնացին տեսան՝ ժանգն է կերել թուրը:

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը, Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել ժանգը:

Գնացին տեսան՝ յուղն է կերել ժանգը:

Յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Գնացեք տեսեք՝ ով է կերել յուղը:

Գնացին տեսան՝ մուկն է կերել յուղը:

Մուկն ու յուղը,

Յուղն ու ժանգը,

Ժանգն ու թուրը,

Թուրն ու արջը,

Արջն ու գայլը,

Գայլն ու այծը,

Այծն ու թուփը,

Ձեզ՝ Բարեկենդան,

Մեզ՝ բարի Զատիկ:

Աղջկեք պար բռնեցեք

Էն դիզան

Էն դիզան, բետ-բետ դիզան, տեսեք էն ո՞րն է:
Էն դիզան, բետ-բետ դիզան՝ գեղի ռեսներն է:
Ճընճըղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է:
Ճընճըղներ ճըլվըլալեն՝ էն տիրացուքն է:
Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է:
Էն արև, երկնուց արև՝ մեր թագավորն է:
Էն լուսին ամպերի մեջ, տեսեք էն ո՞րն է:
Էն լուսին ամպերի մեջ՝ մեր թագուհին է:

Զնկլիկ

Զնկլիկ, օրոճ եմ շարե,
Զնկլիկ, գոտիս եմ կարե,
Զնկլիկ, պատը ծակեցին,
Զնկլիկ, հարսին հանեցին:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Հարսին հանին քողերով,
Զնկլիկ, կարմիր սոլերով,
Զնկլիկ, նախշուն թաթերով,
Զնկլիկ, դեղին մոմերով:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:
Հավարն հասավ վերին թաղ,
Հարսնառն էկավ փախեփախ,
Հարսին առան ու տարան,
Տարան հարի Ապարան:
Տարան, թող տանին, Զատկին կբերեն,
Տարան, թող տանին, Զատկին կբերեն:

Իշու դնչիկ

Իշու դնչիկ երկու փնջիկ
Հոշ տրանինա նա նա
Մին վարդենիկ, մին սմբուլիկ
Չոշ տրանինա նա նա։
Իշու դնչիկ երկու փնջիկ
Հոշ տրանինա նա նա
Մին վարդենիկ, մին սմբուլիկ
Չոշ տրանինա նա նա։
Զէշ քաշեցին ի հրապարակ
Հոշ տրանինա նա նա
Ժողովեցան շուրջ բոլորակ
Չոշ տրանինա նա նա
Ժողովեցան շուրջ բոլորակ
Հոշ տրանինա նա նա
Ետու նման ճոխ կարկանդակ
Չոշ տրանինա նա նա։
Ժողովեցան շուրջ բոլորակ
Հոշ տրանինա նա նա
Ետու նման ճոխ կարկանդակ
Չոշ տրանինա նա նա
Ետու նման ճոխ կարկանդակ
Չոշ տրանինա նա նա
Մեծարեցինք արքայանա՜
Չոշ տրանինա նա նա։

Նախագիծ. Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

Նախագծի հեղինակ՝ Մարինե Մկրտչյան

Նախագիծ

Ծեսը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետ միջոց

Նպատակ

  • ազգային մշակույթի յուրացում
  • երաժշտական ճաշակի զարգացում

Խնդիրներ

  • ուսումնասիրել ծիսական միջավայրը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դրսում՝ ջրի (լողավազանի, գետի, լճի) մոտ, այգում, դաշտում, սարերում, ճամփորդության ընթացքում և այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրությունների, ձայնագրությունների միջոցով:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցների կազմը

Նախակրթարանից մինչև Ավագ դպրոց, Քոլեջ:

Ընթացքը

Ուսուցանել երաժշտական նյութը՝ երգեր, պարեր, պարերգեր: Ծեսի   նախապատրաստական գործընթացին ինտեգրել մայրենի լեզվի, ձեռարվեստի դասավանդողներին՝ սովորողների հետ համապատասխան նյութեր յուրացնելու, ծիսական պարագաներ պատրաստելու համար: Եթե ծիսական պարագան պատրաստվում է ծեսի իրականացման ընթացքում, պատրաստել բնության գրկում՝ երգերի, պարերի, պարերգերի, հետաքրքիր պատմությունների, զրույցների  ուղեկցությամբ: Յուրացնելով ծեսը՝ չկրկնել նկարագրածով, ստեղծագործել, նոր կերպարներ, գործողություններ, պարագաներ ստեղծել: Գործողությունները և նոր պարագաները, կերպարները պետք է ստեղծեն մասնակիցները, պատճառաբանեն, հիմնավորեն, արդարացնեն փոփոխությունը, ինչից ելնելով է այն կատարվում, որքանով է բնական, հետաքրքիր, ժամանակակից: Կարելի է փորձել նորությունը, չվախենալ փոփոխությունից: Ստեղծականությունը պետք է լինի անընդհատ, ամբողջ ծեսի ընթացքում:

Արդյունքների ծավալը և ժամանակացույցը

Աշխատանքը անընդհատ է և շարունակական: Փուլ առ փուլ կներկայացվեն ստացված արդյունքները:

Ուսումնական, ծիսական փաթեթներ