Զեյթունցիների քայլերգ (երաժշտ. Տ. Չուխաջյանի)

Արևն ելավ, Զեյթունցինե’ր,

Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ.

Ինչո՞ւ, ինչո՞ւ գլուխ ծռենք

Բռնավորին մեր վիզ պարզած:

Զեյթունցի ենք, մեր սփոփանք

Են պատերազմ և արշավանք,

Սուր, թուր, գնդակ և հրացան

Են խաղալիք մեր հավիտյան:

Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,

Մեր շղթայք մենք պատրաստեր ենք,

Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք

Մեր գերողին կրելու զայն:

Կեցցե’ Զեյթուն, ապրի’ Զեյթուն,

Թող չտեսնե ստրկություն.

Քանի ունի մեզ պես որդիք,

Ապրի’ Զեյթուն, կեցցե’ Զեյթուն:

Հայ ժողովրդական երգ «Հիմի՞ էլ լռենք» (խոսք՝ Ռաֆայել Պատկանյանի)

Հիմի է˜լ լռենք, եղբարք, հիմի է˜լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը` մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լացուկոծին:

Ասացե’ք, եղբարք, Հայեր, ինչ անենք,
Հիմի էլ լռենք:

Հիմի էլ լռենք երբ մեր թշնամին,
Խլեց մեր սուրը — պաշտպանը մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց:
Վա˜յ մեզ, շղթայով կապած գերի ենք,
Հիմի էլ լռենք:

Հիմի էլ լռենք, մարդիկ ինչ կասեն,
Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն,
Չեն ասիլ որ Հայք արժանի էին
Այդ ստրական անարգ վիճակին.
Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք.
Մինչև երբ լռենք:

Թո’ղ լռե մունջը անդամալույծը,
Կամ` որոց քաղցր է թշնամու լուծը,
Բայց մենք որ ունինք հոգի ու սիրտ քաջ`
Ե’կ, անվախ ելնենք թշնամու առաջ.
Գոնե մեր փառքը մահով հետ խըլենք:
Ու այնպես լռենք:

Նախագիծ. Երբ հանդիպում են երկրագործությունն ու հերոսապատումը համերգ

Անվանումը  Հայրենյան զանգեր, ղողանջե՜ք…

Օրը՝ հոկտեմբերի 19-ից-հոկտեմբերի 31-ը

Վայրը՝ Մուսալեռան հերոսամարտի ազգային ինստիտուտի, հուշարձանի բակում

Տևողությունը՝ 30 րոպե

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 3-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ընտանեկան ուսուցիչ-ծնողներ

Նախագծի համակարգող՝ Մարինե Ոսկանյան

Համագործակցություն՝

Մայրենիի ուսուցիչներ՝ Նառա Նիկողոսյան, Մարինե Ամիրջանյան

Հայրենագետներ՝ Իվետա Ջանազյան, Արմինե Գոգինյան

Տեխնոլոգներ՝ Թամարա Հարությունյան, Աննա Ստեփանյան

Նպատակը՝  Ազգագրական փառատոնի շրջանակներում՝ հերոսապատումով համերգ-ներկայացում:

Համերգ-ներկայացման առաջին փուլ

Մայրենի՝ ընթերցումների, երգերի տեքստերի վերծանում:

Երաժշտություն՝ Երգերի և պարերի ուսուցում:

Հայրենագիտություն՝ Վերջին երկու հարյուր տարիների հերոսամարտերի ուսումնասիրություն, քննարկում-վերլուծություն սովորողների հետ: Հերոսամարտերին նվիրված հուշարձանների, թանգարանների այցելություն:

Տեխնոլոգիա-դիզայն՝ Հերոսապատումների թեմաներով ազգային տարազների ծանոթացում և ստեղծում սովորողների հետ: Երգարանների ստեղծում, տպագրություն:

Համերգ-ներկայացման երկրորդ փուլ՝ Համերգային ներկայացմամբ նախագծի ավարտ:

Խնդիրները`

  • Բանավոր նյութի ուսումնասիրում
  • Երաժշտական նյութի, ճաշակի և հայրենյան երգերի երգացանկի ընտրություն
  • Աշխատանքային խմբերի ստեղծում, խմբային աշխատանքների բաժանում

Արդյունքում՝  

  • Կունենանք համերգային նոր հարթակ, լսարան
  • Նախագիծը կհայտնվի կենսամշակութային իրադարձություններին համապատասխանող օղակում
  • Հերոսամարտերի յուրացում ճիշտ և ընկալելի օրինակով

Ծրագրում՝

Հայրենյան երգեր և ընթերցումներ:

Նկարահանումներ, ուղիղ եթերներ:

Հայրենյան զանգեր, ղողանջե՜ք… նախագծի ընթերցումներ

Սասունցի Դավիթ էպոսից հատված

Էդոնք դառնան բամբակ,

Մենք դառնանք կրակ:

Էդոնք դառնան գառներ,

Մենք դառնանք գելեր:

Հացն ու գինին

Տեր կենդանին: 

Մ. Խորենացի

Վասն որոյ սիրեմ կոչել այսպէս ըստ քաջութեան` Հայկ, Արամ, Տիգրան. քանզի ըստ իմ` քաջաց ազգք քաջքն. իսկ միջոցքն` որպէս դէպ ումեք թուիցի կոչել։ 
 
Աշխարհաբար: Ուստի ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել` Հայկ, Արամ, Տիգրան, որովհետև քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին ով ինչպես ուզում է, թող կոչի։ 

Վահագնի Ծնունդը

Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ։
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք։
Վահագն ծնավ, լռեցեք ալի՛ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի՛կ։
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև ―
Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, և դո՛ւ, հո՛ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի՛ն Մասիս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո՛վ՝
Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար։

Կապար բույս

Արևելքի կապարը

Կապար (լատ.՝ Capparis spinosa), կապարազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։ Բազմամյա թուփ է (հազվադեպ՝ ծառ)։ Կարող է ունենալ փշեր։ Հայտնի է 250-300 տեսակ, որոնք աճում են հիմնականում արևադարձային և մերձարևադարձային գոտիների չորային շրջաններում։ Ծննդավայը միջերկրածովյան տարածաշրջանն է։ Աճում է Հայաստանում, Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Միջին Ասիայում։ Տարածված է հատկապես Երևանում, Արցախի հարավային շրջաններում: Օգտագործվում է կերակրի մեջ, ունի բուժիչ–ամրապնդող հատկություններ։

  • Բուժական նպատակներով, ըստ Մխիթար Հերացու՝ հայ միջնադարյան բժշկության մեջ կապարի չոր արմատների թուրմը օգտագործում են լյարդի, ստամոքսի հիվանդությունների և շաքարախտի բուժման համար: Հունական ժողովրդական բժշկության մեջ կապարի արմատներից և մատաղ ճյուղերից պատրաստված թուրմն էլ օգտագործում են ռևմատիզմի դեմ։ Իսկ Դաղստանում բուժման նպատակով արմատների թարմ կեղևը դնում են թարախոտ վերքերի վրա:
  • Սննդի մեջ օգտագործվում են առանց փշերի տեսակները: Կոկոնները, պտուղները և ընձյուղները թթու են դնում քացախով և աղով: Օգտագործվում է որպես համեմունք տարբեր ճաշատեսակների հետ։ Հասունացած պտուղներն ուտում են նաև հում վիճակում։
  • Հին կտակարանում կապարն հիշատակվում է որպես ցանկության խորհրդանիշ:

Պիտի ծաղկի նշենին, ու մորեխը պիտի բազմանայ, կապարը պիտի տարածուի, որովհետև մարդը գնաց իր յաւիտենական տունը. հրապարակներում պիտի բոլորուեն նրա շուրջը լացուկոծ անողները։ (Արևելահայերեն, Ժողովող 12-5

Զի՞նչ ու զի՞նչ

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ լաչակ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Զիմ շապիկ տամ լողվորչուն։ Քոմա քոմա էր։
Ո՜չ էառ, ո՜չ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Ո՜չ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր։

Զի՞նչ ու զի՞նչ տամ լողվորչուն։ Զոմա զոմա էր։
Լուսնակ գիշեր պագ մի տվի։ Քոմա քոմա էր։
Հետ էառ, հետ հավնեցավ, Զոմա զոմա էր.
Հետ էհան ծամկալ ծովեն։ Քոմա քոմա էր

Հայե՛ր, միացե՛ք

Հսկա երկիր էր Հայաստանը մեր,
Բայց ինչքան ասես՝ թշնամի ուներ,
Բյուզանդացիներ, պարսիկների հետ,
Ձեռք ձեռքի տված բզկտեցին մեզ։
Ու թուրքն էլ վայրագ օգտուեց առիթից,
Կոտորեց ազգս, տիրացավ երկրիս

Հայե՜ր միացե՛ք, միացե՛ք Հայեր,
Արցախն է մեզ կանչում, օգնության հասեք,
Դեռ ճամբա ունինք, պի՛տ հասնինք Սասուն,
Քաջերի հողը մեզ է սպասում։

Ուս ուսի տված առյուծի նման,
Ետ բերենք հողն ու փառքը Հայության։

Պայծառ գալիք է սպասում Հային,
Այս դժուար պահին լինենք միասին,
Չի հանգստացեր, մեր հին թշնամին,
Ուզում է նորից կոտորել Հային։

Բարով եկար սիրուն կռունկ

Բարով եկար, սիրուն կռունկ,
Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,
Խոսի’ր ինձ հետ ազատորեն,
Կյանքս կնվիրեմ ես քեզ:

Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,
Գեղեցիկ զարդարված բույնը,
Նորա սիրուն ես տանջված եմ,
Աչքերիցս կտրավ քունը:

Ազատ տեսա՞ր մեր լեռները,
Հաղորդեցի՞ր դու իմ սերը,
Այն լեռներու պաշտպանողը`
Արծըվի կորյուն ճտերը:

Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան,
Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան,
Եդեմական դրախտավայր, — 
Նա կոչվում է Մայր-Հայաստան:

— Այնտեղ ունիս եղբայր ու քույր,
Միջազ, ի՞նչ կսպասես իզուր,
Արի’, առնեմ իմ թևերուն,
Գնանք, այնտեղ ուրախացուր:

Բարի լուսուն

Բարի լուսուն (լույսին) աստղ էրևաց,

Աղոթարան  դռներն ի բաց,

Բարով բացվեր լուս աղոթրան,

Լծենք սարված(սարք),  էրթանք  գութան(արոր):

Գութնի թախում ՝ նմուշ-նմուշ,

Չկեր վաստակ քանց էն անուշ,

Աշխարհի շեն վեր գութնին էր,

Գութան չէլներ, աշխարն ի՞նչ էր:

Խոփ քարշ կերթա գետնի տակեն,

Ակոս կանի էրկեն-էրկեն,

Քանդի կորթեր, շուռ տա բարդ-բարդ,

Շնողք(ողորմածություն)  կելնի  բերքը  առատ: