ՍԱԶ

Սազ, լարային կսմիթային նվագարան։ Տարածված է Կովկասում, Մերձավոր Արևելքում: Գոյություն ունեն սազի մենակատարային, անսամբլային մեծ ու փոքր տեսակներ, որոնք համապատասխանաբար, ունեն տարբեր թվով մետաղե լարեր՝ 4-10: Սազը սիրված նվագարան է հատկապես գուսանների ու աշուղների շրջանում, հնագույն ծագում ունի: Թթենուց կամ ընկուզենուց է պատրաստվում: Տանձաձև իրան, ծածկված է բարակ կափարիչով, որի վրա կան ձայնադարձիչ անցքեր, կոթին զետեղված են փարդաներ։ Լարերը մետաղյա՝ բաժանված են 3 կամ 4 երկանդամ կամ եռանդամ ունիսոն խմբերի։ Առաջին խումբը մեղեդիական նշանակում ունի, 2-րդը՝ ձայնառության, 3-րդը՝ լրացուցիչ ներդաշնակային, մասամբ էլ մեղեդիական։ Լարվածքը սովորաբար կվարտա-կվինտային է, փարդաների օգնությամբ ստացվող հնչյունաշարը, որպես կանոն, դիատոնիկ։ Նվագում են ոսկրյա կամ եղջյուրյա կնտնտոցով՝ հարվածելով բոլոր լարերին միաժամանակ, ուստի մեղեդին շարունակ ուղեկցվում է ներդաշնակային գունեղ ֆոնով։ Տեմբրը զնգուն է, բայց փափուկ:
ԹԱՌ

Թառը, անառարկելիորեն ունի պարսկական ծագում, բայց ուրիշ շատ նվագարանների նման, այն մեծ դերակատարություն է ունեցել Իրանի, Հայաստանի և կովկասյան երկրների երաժշտության զարգացման գործում: Դարերի ընթացքում առաջացել են թառի երկու տարբերակ՝ «պարսկական թառ» վեցլարանի և «կովկասեան թառ» տասնմեկլարանի: Ժամանակակից «պարսկական թառ»ի ստեղծողը եղել է հայտնի նվագարանագործ, հայազգի վարպետ Յահյա Խանը : «Կովկասեան թառ»ի ստեղծողն եղել է Շուշի քաղաքի հայտնի թառահար՝ Սադըղջանը: Նվագարանն այսօր էլ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում մեծ ժողովրդականություն է վայելում:
Կառուցվածքը: Ունի երկու խոռոչ, ութաձև արձագանքարան, երկար վզիկ, քառանկյուն գլխիկ։ Թառի երկգավաթ իրանը փորված է թթենու ամբողջական կտորից՝ ծածկված կենդանական թաղանթային մեմբրանով։ Ընդհանուր ձևը նմանություն ունի կիթառի հետ: Լարերն այսօր մետաղյա են, իսկ հնում պատրաստվել են կենդանու աղիքից։
ՔԱՄԱՆՉԱ

Քամանչա, տարածված է Մերձավոր Արևելքի երկրներում՝ որոշ տեղական առանձնահատկություններով: Լարային-աղեղնավոր նվագարան է: Տարածված է Իրանում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հունաստանում, Դաղստանում և այլ երկրներում: Քամանչան Արևելքում ավանդական երաժշտության համույթներում պարտադիր ընդգրկվող նվագարան է: Սակայն գեղեցիկ, փափուկ տեմբրի և տեխնիկական բազմազան հնարավորությունների շնորհիվ այն գործածվում է նաև որպես մենանվագային գործիք:
Կառուցվածք: Քամանչայի իրանը գնդաձև է՝ ծածկված թաղանթային մեմբրանով։ Կլոր կոթից իրանի միջով անցնում է մետաղյա կաղապարաձող, որը նվագարանի համար ծառայում է նաև որպես «ոտք»։ Ունի ուղիղ ձգված վզիկ: Այն միանում է գլխիկին՝ չորս լայնակի ականջներով: Նվագում են ծնկի վրա ուղղաձիգ բռնած դիրքում՝ փայտյա բարակ աղեղով՝ վրան ձիու պոչի ձգված մազերով։ Քամանչայի նախնական ձևն ունեցել է մեկ լար: ՀԵտո նվագարանը դարձել է երեք լարանի, որն ամենագործածականն էր: Ավելի ուշ, 1909 թվականին, քամանչայի պատմության մեջ առաջին անգամ ավելացավ չորրորդ լարը՝ վիրտուոզ քամանչահար, արևելյան երաժշտության տեսաբան Սաշա Օգանեզաշվիլու (Ալեքսանդր Արշակի Օհանյան) շնորհիվ:
ՔԱՆՈՆ

Քանոնը ևս Արևելքի ժողովուրդների մոտ գոյություն ունի խորը անցյալից և խիստ տարածված է արաբական աշխարհում, ներկայիս Թուրքիայում, իսկ նվագարանի տարատեսակները լայնորեն գործածվում են Հայաստանում և բալկանյան երկրներում: Սանթուր նվագարանը փոխանցվելով տարբեր ժողովուրդների, անցնում է զարգացման և կատարելագործման տարբեր ուղիներ, որն էլ հիմք է հանդիսանում մի շարք այլ նվագարանների ստեղծման, նրանք կառուցվածքի, արտաքին տեսքի առումով թեև ունեն որոշ ընդհանրություններ , սակայն հետագա դարերում անցնում են կատարելագործման: Այդպիսի նվագարաններից մեկն էլ քանոնն է:
Կառուցվածք: Քանոնը աղելարային կսմիթային նվագարան է, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ եղևնու փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ գառան կաշվից)։ Ունի 24-26 եռակի լարեր, հիմնականում աղիքից։ Նվագում են մատներին հագցրած մատնոցի մեջ դրած կնտնտոցով (հարիչով)։
ՈՒԴ

Ուդ, լարավոր-կսմիթային նվագարան։ Ծագել է պարսկական բարբաթից՝ վերջինիս փարդաներ ավելացնելով, դարձել արաբական երկրների ժողովրդական գործիքարանի հիմնական նվագարանը, նաև արաբական երաժշտության տոնայնության համակարգը ներկայացնելու և տեսականորեն բացատրելու հիմնական միջոցը։ Լայնորեն տարածվել է Մերձավոր Արևելքի երկրներում, Միջին Ասիայում և Հայաստանում (նույնպես հնագույն ժամանակներից)։ 14-րդ դարից մուտք է գործել Իսպանիա և Սիցիլիա, հանդիսացել եվրոպական լյուտնյայի (արաբ, al-ud անվանումից, որ նշանակում է «փայտ») նախատիպը։ Տարբեր երկրներում անցել է զարգացման տարբեր ճանապարհներ, ինչն էլ հիմք է դրել նվագարանի տարատեսակների՝ իրենց տարբեր անուններով:
Կառուցվածքը: Նվագարանի իրանը ուռուցիկ ձվաձև է՝ կոր փայտաշերտերից սոսնձված, հարթ ծածկի վրա կան ձևավոր ձայնանցքեր։ Հայկական ուդը 6 լարանի է (առաջին հինգը՝ զույգ-զույգ), լարվածքը՝ կվարտա-սեկունդային: Հայ կոմպոզիտորներն այն հարստացրել են հայկական ազգային բնորոշ հնչողություն ունեցող երգերով։ Հայ շնորհալի ուդահարներից էր Սողոմոն Գրիգորի Ալթունյանը (1896—1948)։
ՔՆԱՐ

Քնարը (հին հուն․՝ λύρα, լատ.՝ lyra), լարային երաժշտական գործիք է, նվագվել է Հունաստանում։
Կառուցվածքը: Քնարը ունի յոթ լար։ Արտաքին մասը կամ կլորաձև է կամ քառանկյուն է, հռոմեացիների և հույների մոտ այն եղել է կլորավուն։ Քնարի պատրաստման համար երկար ժամանակ է անհրաժեշտ։ Այն պատրաստվում էր Կրիայի պատյանից և այն իր ընտանիքի գործիքներից ամենաթեթևն է։ Հին Հայաստանում լիրը կոչվել է քնար։ Քնարը սովորաբար նվագվում է ազատ ձեռքի շարժումով՝ կանգնած կամ նստած, ավելի ուշ այս գործիքը նվագում էին նաև խոնարհված ձևով՝ 45 աստիճան թեքության վրա։
ՏԱՎԻՂ

Հայ ժողովուրդը ունեցել է տավիղ նագարանը դեռ շատ վաղ ժամանակներից։ Սա խոսում է այն մասին, որ հայերս սիրել ենք տավիղը և այն գործածել կենցաղում, հարսանիքների և հուղարկավորությունների ժամանակ: Տավիղ նվագարանի լատիներեն անունը «harp» է, որն ունի գերմանական ծագում, իսկ հայերեն համանունը՝ տավիղ: Տավիղ նվագարանի հայկական ծագման մասին վկայում են այժմ Էրեբունի թանգարանում պահվող «Խնջույքի տեսարանով եղջերագավաթը»: Հանրահայտ հայկական կիլիկյան արծաթե գավաթի վրա նկարված է տղամարդ, որը նվագում է տավիղ՝ շրջապատված իր սիրելի կնոջով և կենդանիներով: Նախկինում տավիղ նվագել են արքունիքներում, թագավորական հանգստյան սենյակներում։ Երբեմն ոչ միայն պալատական երաժշտները, այլ հենց իրենք՝ թագավորներն էին նվագում նվագարանը։ Իհարկե, նախկինում տավիղները չունեին ձայնային այն հնարավորությունները, ինչ այսօր, բայց այն, որ հայ ժողովուրդը ունեցել է տավիղ նվագարանը, փաստ է։
Կառուցվածքը: Տավիղը, հնագույն ծագումով կսմիթավոր նվագարան է։ Ժամանակակից տավիղն ունի ձայնադարձիչով շրջանակի վրա ուղղաձիգ 46 լար (լարվածքը՝ դիատոնիկ, դո-բեմոլ մաժորում)։ Քրոմատիկ հնչյուններ արտաբերելու այլ տոնայնություններում վերալարելու համար կա կրկնակի գործողության ոտնակային մեխանիզմ, որը կարճում է լարերը, բարձրացնում նրանց հնչողությունը կես կամ մեկ տոն (գյուտը 19-րդ դարի սկզբին կատարել է ֆրանսիացի երաժիշտ վարպետ էրարը)։ Տավիղը նվագախմբային, անսամբլային և մենակատար նվագարան է։
ԲԱՄԲԻՌ

Բամբիռը, հայկական ազգային լարային կսմիթավոր նվագարան է, եղել է վիպասանների գործիքը: Իր նախնական տեսքով չի պահպանվել, վերականգնված է միայն ըստ աղբյուրներում պահպանված նկարագրությունների ու տեղեկությունների, սակայն ներկայում բամբիռ կոչվող նվագարանները ոչ թե կսմիթային են, այլ աղեղնավոր: Հայ միջնադարյան մանրանկարները մեզ պատկերացում են տալիս, թե ինչպիսի նվագարաններ են գործածվել Հայաստանում հնագույն ժամանակներից ի վեր: Իսկ դրանք փաստում են, որ Հայաստանում գործածվել են բոլոր տեսակի նվագարանները. հարկանային կամ հարվածային, փողային, լարային, կսմիթային և աղեղնային՝ իրենց տարատեսակներով: Բայց դրանցից ոչ մեկում՝ թե՛ գտածոների, թե՛ մանրանկարչության մեջ, պատմության խորքերից եկող բամբիռի ոչ մի պատկեր չի հանդիպում: Նվագարանի մասին առաջին տեղեկություններն ի հայտ են գալիս միայն 9-րդ դարի աղբյուրներում: Այս նվագարանի մասին փաստագրական տեղեկությունները շատ քիչ են: Մինչև այժմ ստույգ կերպով բնութագրված չեն ավանդական բամբիռի արտաքին տեսքը և կիրառման եղանակը: Հստակորեն հայտնի չէ լարերի քանակը, տեղեկություններ չունենք լարվածքի, հնչողության և ընդգրկած ձայնածավալի մասին:Վիպասաններն ու գուսանները հին Հայաստանում շրջել են գավառե գավառ և կատարել վիպական երաժշտական ստեղծագործություններ, և քանի որ նրանց արվեստում կարևոր դեր է ունեցել երգը և խոսքը, ուստի նրանց հարկավոր էին այնպիսի նվագարաններ, որոնցով միաժամանակ կկարողանային նվագակցել իրենց երգին ու արտասանությանը: