Ընտանեկան երաժշտական դպրոցի Ձոն համերգ ստուգատես

92245050_668602160608200_2926255463232176128_n                                                                                    Հայն ունի ինքնուրույն երաժշտություն

Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը:

                                                                                                                         Կոմիտաս Վարդապետ

Ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղից պետք է հանել «չկա, չի կարող, չի լինի…» բառերը, ռոդարիական հնարն սկսեց աշխատել ու պարզվեց՝ հեշտ է ապրել առանց «չ»-ի… Արտակարգ իրավիճակում՝ արտակարգ համերգ, էդ ի՜նչ  վիրուս պիտի լինի, որ ուսումնական օրացույցով որոշված «Ձոն» համերգը հետաձգի…

Մարինե ջան, սկսիր…
Այդյո՞ք հնարավոր է կազմակերպել որակյալ ելույթներ, որոնք կլինեն ուսուցողական, ականջը շոյող և հնարավոր կլինի այն տարածել սոց կայքերում և հավաքել հետևորդներ:
Այսօր մեր ընտանիքներից շատերն ունեն բարդույթներ հաղթահարելու խնդիր: Լինելով մասնագետ երաժիշտներ, դասավանդելով բարձրագույն հաստատություններում, միևնույն է, խուսափում են էկրանի առջև երևալուց, ընտանեկան դպրոցը ժամանեց ու ասաց՝ դուք ընտանեկան դպրոցի ուսուցիչ եք… Սկսեցի անհատապես աշխատել երաժիշտ ընտանիքների հետ, արձագանքները՝ շշմելու էին: Առցանց հարթակում մտա իրենց տուն, ուսուցիչ-ծնողների, համերգի մասնակիցների հետ սկսվեց աշխատանքային բուռն քննարկում՝ ծրագրի, ելույթ-ցուցադրությունների, հագուստների, բնակարանի բեմական տարածքի ընտրության շուրջ: Սկսվեցին առցանց ունկնդրումներ, նրանք նվագում էին, երգում, մենք ընտանիքով ունկնդրում էինք: Այսպես մենք դառնում էինք մեկ ընտանիք՝ մեր քննարկումներով, գնահատականով, որոշումներով: Բնակարանները վերածվեցին փոքրիկ բեմահարթակների, գործիքները կարգի բերվեցին, մասնակից ծնողներ կային, որոնք վաղուց գործիք չէին վերցրել իրենց ձեռքը: Երբ դիմեցի, ստացա հետևյալ պատասխանը՝ ախր երաժշտական մարզավիճակում չենք, բայց կհաղթահարենք, և հաղթահարվեց… Ստեղծվեցին ինքնաշեն, ռոդարիական գործիքներ, ասենք` կարելի է տարբեր բաժակների մեջ լցնել տարբեր քանակությամբ ջուր և ստանալ քսիլաֆոն գործիքի էֆֆեկտ (տեսանյութն՝ այստեղ)… Ասում եմ`չէ, մեր ընտանիքներն անսովոր ու ստեղծագործ են: Մի քանի օր տոն էր` ոգևորվածություն, հոգու պոռթկում, որն ստացա երաժշտական ընտանիքներից…

Մարտի 30-ից ապրիլի 3-ի շաբաթը զատկական երգերի ընտանեկան ֆլեշմոբային էր, ամեն օր` ժամը 19:00-ից: Ֆլեշմոբին մասնակցեցին  ընտանիքներ, որի սկիզբն ու հիմքը եղան ընտանեկան գործիքային կատարումները:

Շաբաթվա արդյունքներով սկսեցի աշխատել ընտանիքների հետ, հրապարակվեց համերգային ծրագիրը:

Մասնակից էին կրթահամալիրի և կրթահամալիրից դուրս սովորողներ, ծնողներ և դասավանդողներ: Այն մշակութային, զարգացնող  հարթակ էր, որտեղ հնարավոր էր լսել, ծանոթանալ համաշխարհային երաժշտությանը՝ դասական և ժամանակակից կոմպոզիտորների: Արտակարգ իրավիճակում՝ իրական անտիվիրուս, որ փոխանցում է ընտանիքը իր կարգավիճակով՝ դպրոցով, որն իր երաժշտականությամբ ու ճաշակով դրական էներգետիկա, հաճույք, զգայականություն է փոխանցում…

Մի քանի օրում ընտանեկան համարները ի մի բերվեցին, սկսվեցին նկարահանումները.. Սեբաստացի ծնող-ուսուցիչները այնքան պատրաստակամ են, այնքան սիրալիր են գործում իրենց բազմազբաղվածության հետ մեկտեղ… Նախկին և ներկա սեբաստացիների դուետներ էլ ունեցանք:

Մեկ էլ հեռախոսազանգ ստացա թավջութակահարներ Գուրգեն և Անգին Շիրինյանների ծնող Տաթևիկից: Մտահոգ էր՝ նկարել ենք, շատ լավ է, բայց Անգինը չի ժպտում… Անգինն ասում է. «Մամա՛, չեմ կարող «Գարուն ա» ստեղծագործությունը կատարելիս ժպտալ…»: Է~, ասեցի, նա արվեստագետ է, կարող է և երաժշտություն արարելուց չժպտալ:  Նկարահանումը ստանալուն պես բացեցի… Ցնցող էր, տպավորիչ: Քույր ու եղբայր գարուն են նկարում` Կոմիտասի ստեղծագործության ներքո: Անմիջապես կապվեցի Տաթևիկի հետ ու ասացի. «Դուք երջանիկ ծնող եք, սա այն է, ինչ պետք է…»: Այսպես, անվերջ կարելի է խոսել յուրաքանչյուր ընտանիքի և կատարումների մասին յուրովի…
Յուրաքանչյուր համերգ ծնում է նոր համերգի գաղափար՝ ընտանեկան երաժշտական դպրոցների համերգ ֆիզիկական միջավայրում: Արդեն սկսվել է ծրագրի մշակումը…

Ապրիլի 7-ին՝ Ձոն ստուգատես ֆեյսբուքյան էջում՝ Լիլիթ Առաքելյանի և Դավիթ Աֆրիկյանի կատարումները ուղիղ եթերներով համերգի սկիզբն էին ազդարարում: Համերգային օրն ամփոփելուց հետո՝ հասկացա, որ հուզմունքն ու պատասխանատվությունն այնպես էր՝ ինչպես ֆիզիկական միջավայրում համերգից առաջ է լինում և հաճույք՝  ինչպես համերգից հետո…

«Ձոն» — ի շրջանակներում ընտրվեցին և հրապարակվեցին մոտ 55 հետաքրքիր և լավագույն կատարումներ: Ուզում եմ առանձնացնել սոցցանցային հիթ դարձած մի քանի կատարումներ, չնայած նրան, որ յուրաքանչյուր հրապարակված ստեղծագործություն երաժիշտները կատարում են իրենց ուրույն մոտեցմամբ և պրոֆեսիոնալիզմով:

  1. Գուրգեն և Անգին Շիրինյաններ — Կոմիտաս՝ Գարուն ա
  2. Նատալի և Արամ Գալստյաններ — Կոմիտաս՝ Մեր դռանը խնկի ծառ
  3. Խեչոյաններ կվարտետ — Ա. Խաչատրյան՝ Դիմակահանդես
  4. Իվանյանների ընտանիք — Կոմիտաս Խնկի ծառ
  5. Վիլյամ Չիլինգարյան — Խնկի ծառ վարիացիոն տարբերակ

Իսկ ամբողջական կատարումները՝ կարող եք ունկնդրել հետևյալ էջում՝  «Ձոն»  ստուգատես:

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s