Օրը՝ 23.01.2020
Ժամը՝ 11։00֊12։00
Վայր՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկանների դասասենյակ
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի 5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան
Խորհրդատուներ՝ Մարինե Մկրտչյան , Մարինե Ոսկանյան
Նպատակը՝
- ծանոթացում ազգային խաղերին
- ազգային խաղերի ուսուցում
- խմբով խաղալու հմտությունների զարգացում
- մրցելու-հաղթելու կարողությունների զարգացում
- ազգային ինքնության պահպանում, տարածում
Խաղերը՝ «Մուկն ու կատու», «Պուտ-պուտ», «Ընկուզախաղեր»
Պուտ—պուտ
Խաղացողները շրջանաձև պպզում են: Յուրաքանչյուրի գլխավերևում կանգնում է մի խաղացող: Պպզողները կոչվում են պուտ, նրանց երբեմն փոխարինում են փոքր-ինչ մեծ քարեր: Կանգնողներից միայն մեկը պուտ չի ունենում և կոչվում է շուն: Շունը մոտենում է մի պուտի և հարցնում կանգնողինգ
_Ի՞նչ ուտենք:
_Չիր ու չամիչ:
_Որտեղի՞ց ուտենք:
_Գողանանք` ուտենք:
-Ծափ տանք, վազենք, – ասում է շունը:
Եվ երկուսն էլ ծափ են տալիս ու հակառակ կողմերով վազում: Եթե շունը, շրջան անելով, մյուս վազողից շուտ հասավ նրա պուտին, ինքն է լինում նրա տերը, իսկ մյուսը դառնում է շուն և գնում է միևնույն հարցումը տալիս հարևան պուտին: Իսկ եթե շունը չհասավ, դարձյալ մնում է շուն, և գնում է, նույն հարցն առաջարկում մյուս պուտին: Վազելիս եթե մեկը շրջանի միջով անցնի, նրան պատժում են:
Մուկ–կատու
Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։
Արդյունքում սովորողը
- կիմանա ազգային խաղերը,
- կկարողանա խաղալ և մասնակից դարձնել իրեն շրջապատողներին
- կլինի ազգային մշակույթը կրող, փոխանցող:
Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով։